Չորեքշաբթի, 20 Նոյեմբեր 2013 12:59

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլետում բացվել է հեռաուսուցման լաբորատորիա և լսարան


Համալսարանական զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով ԵՊՀ-ում կգործի նոր ու լիովին վերանորոգված լսարան: 

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայում այսօր տեղի ունեցավ նոր լսարանի բացման արարողություն: Լաբորատորիայի լսարաններից մեկը անվանակոչվեց Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով:

«Ֆակուլտետի համար պատիվ է այսօրինակ լսարան ունենալը, որն անվանակոչվել է զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով: Թեև նա այս ֆակուլտետի ուսանող չի եղել, սակայն ուրախ ենք, որ կարող ենք նրա անվան լսարան ունենալ Մայր բուհում»,- լսարանի բացման արարողության ժամանակ ասաց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը` հույս հայտնելով, որ այս քայլը կընդօրինակվի նաև այլ ֆակուլտետների կողմից:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ներկա էր միջոցառմանը, նշեց, որ հավատարիմ մնալով Մայր բուհի ավանդույթներին` Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ-համալսարանականներից ևս մեկի անունով այսօրինակ լսարան ունենալն իսկապես մեծ պարտքի կատարում է. «Դեռ կան զոհված ազատամարտիկ-համալսարանականներ, որոնց անվան լսարաններ չունենք: Այդ բացը մենք դեռ կլրացնենք: Առանց հիշողության ժողովուրդ չի կարող լինել, առանց հիշողության սերունդ չենք կարող դաստիարակել»:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան վերանորոգվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից, որի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ևս ներկա էր միջոցառմանը: Տիկին Սոնան` Արմեն Կոթոլյանի մայրը, շատ հուզված էր, որ իր որդին այսօր էլ հիշվում ու մեծարվում է Մայր բուհում:

«Խոսքերով չէ, որ կկարողանամ արտահայտել երախտագիտությունս: Շատ շնորհակալ եմ բուհի ղեկավարությանը` որդուս հիշելու համար: Սա մոր համար թանկ նվեր է»,- ասաց տիկին Սոնան:

Արմեն Կոթոլյանի անվան լսարանի բացման արարողությանը մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ակտիվ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ներկա էին նաև «Սատար» կազմակերպության անդամները, ովքեր շնորհակալագիր տվեցին տիկին Սոնային` հայենիքի համար զավակ ծնելու և ի նպաստ երկրի ապահովությանը նվիրելու համար:

 

Աղբյուր` ysu.am

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech