Ուղերձ
Սիրելի՛ երիտասարդներ,
Մենք, գրեթե մեկ հազարամյակ զրկված լինելով անկախությունից և ապրելով օտարների հպատակությամբ, դարերի ընթացքում ձեռք ենք բերել այնպիսի մտածողություն և բնավորության գծեր, որոնք հարիր չեն անկախ պետության քաղաքացուն: Այսօր հայ ժողովուրդն ունի իր անկախ պետությունը: Փոխվել են հանգամանքները, պետք է փոխվի նաև մեր մտածողությունը:
Հետևաբար հայության հարատևման գաղափարի իրականացման համար անհրաժեշտ են նոր մտածողությամբ և նոր արժեհամակարգով անհատ քաղաքացիներ` որակապես նոր հայեր, անկախ պետության արժանապատիվ քաղաքացու և այդ պետության տիրոջ իրավունքը գիտակցող անհատներ:
Նախ և առաջ` այդ նոր կերպարի հայերը պետք է լինեն երիտասարդները` գիտելիք ստանալու ծարավով, ազգային նորարար մտածողությամբ, նոր, որակապես այլ հասարակություն կառուցելու իդեալով:
Այդ նոր հասարակարգի հիմքում կանգնած է լինելու բարեպաշտ սերունդը: Հասարակարգ, որը խարսխված է լինելու համագործակցային սկզբունքի, նորարարության և կոլեկտիվ մտածողության վրա: Այդ հասարակարգի ձևավորման և կայացման գործում մեծ նշանակություն ունեն կրթական գործընթացները: Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել կրթության և գիտության զարգացման վրա, առանց որի ուղղակի անհնար կլինի հետագա տնտեսական առաջընթացը, չենք կարող լինել մրցունակ և կզրկվենք միջազգային հանրությունում մեր արժանապատիվ տեղն ունենալու հնարավորությունից:
Ինքս ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտպլանավորման ֆակուլտետները: Երկար տարիներ աշխատել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, քաջատեղյակ եմ գիտակրթական համակարգի խնդիրներին և այսօր, ունենալով ֆինանսական հնարավորություններ, ցանկանում եմ իմ նպաստը բերել դրանց լուծմանը:
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հիմնադիր,
հոգաբարձուների խորհրդի նախագահ՝
Բարսեղ Բեգլարյան
Կենսագրություն
Ծնվել է 1953թ. մարտի 5-ին Ասկերանի շրջանի, Խանաբադ գյուղում: 1960-1970թթ. հաճախել է Խանաբադի միջնակարգ դպրոց:
1970-1975թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկան ֆակուլտետը: 1975-1982թթ. աշխատել է Ատոմային էներգետիկայի գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում: 1982-1993թթ.սովորել է Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտում:
1988թ. Բարսեղ Բեգլարյանը հանդիսացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: 1991-1993թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի ինքնապաշպանական միավորումների կազմակերպիչ (Երևանի Ժող.Տնտեսության Ինստիտուտում):1994-1996թթ. նշանակվել է ՀՀ Պաշպանության Նախարարության Գլխավոր վարչության պետի տեղակալ:
1995թ-ին հիմնել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, իսկ 2002թ.-ին՝ «ՂԱՐԱԲԱՂ ԳՈԼԴ» ընկերությունը, տեխնիկապես վերազինելով և հագեցնելով Արցախի երկու խոշորագույն գինեգործական գործարանները, որոնք հիմնվել էին դեռևս 1927 և 1964թթ.:
2004թ.ին Արցախում հիմնադրվել է «ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է իրեն:
2004թ. ձեռք է բերե «ՀԱՅԿԱՊԲԱՆԿ» ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը, որը 2006թ.-ին վերանվանվել է «Արարատ» բանկի:
Պարգևատրվել է ԼՂ նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալով:
2008թ-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով: