Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տոնական տրամադրություն էր:
Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ինչպես ինստիտուտի «նորեկները», այնպես էլ բուհի խորհրդի նախագահը, ռեկտորը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Ա. Քարամյանը, ով բուհի խորհրդի նախագահն է, ողջունելով ուսանողներին, նկատեց, որ ուսանողական տարիները լեցուն կլինեն բազում հետաքրքիր դրվագներով ու փորձություններով: Փոխնախարարը հորդորեց լինել ակտիվ եւ պահանջատեր գիտելիքներ ստանալու առումով. «Ես հավաստիացնում եմ, որ կարվի հնարավորին ամեն ինչ՝ բուհի ուսանողների ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար: Մենք միասին պետք է զարգացնենք այն ավանդույթները, ինչ բուհը ստեղծել է իր գոյության ընթացքում»: Նախարար Գաբրիել Ղազարյանն էլ իր հերթին հորդորեց լինել լավագույնը եւ փաստեց, որ եվրոպական ուսուցման համակարգում բուհը գտնվում է բարձր դիրքերում: Նշենք, որ ԲՈՒՀ-ի խորհրդի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի ջանքերով նոր ուսումնական տարվա նախաշեմին վերանորոգվել է շուրջ 600 քմ լսարանային տարածք, իսկ «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված լսարանների համար ձեռք է բերվել անհրաժեշտ համակարգչային տեխնիկա: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 25 մլն դրամի աշխատանք եւ ձեռքբերում:
Աղբողջական նյութը կարդալ հետևյալ հղմամբ՝ «Գիտելիքների բանալին» առաջին կուրսեցիներինն է…