Աշոտ Մանուչարյան. Oլիգարխներն այնքան կչաղանան, որ մոլորակի վրա տեղ չի մնա

Այսօր «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ` «Ժողովրդավարություն. Մարդու իրավունքներ» թեմայով: 

Մանուչարյանն ասաց, որ Ժողովրդավարությունը եւ Մարդու իրավունքները մեր կյանքում ակնհայտ են թվում, ինչպես, օրինակ, օլիգարխների եւ մուրացկանների գոյություն ունենալը. «Անդադար խոսվում է այն մասին, որ առաջատար երկիր դառնալու համար պետք է լինել ժողովրդավար եւ Մարդու իրավունքները պահպանող պետություն, սակայն չպետք է ընդունել ակնհայտորեն տրված երեւույթները: Քանի աշխարհը հետեւում է խելագարության տանող ընթացքին, այնքան շատանում են «ակնհայտ» երեւույթները»:

Բերելով ժողովրդավարության ջատագով համարվող ԱՄՆ-ի օրինակը` պարոն Մանուչարյանն ասաց, որ 2008թ-ին, երբ բանկային համակարգի խարդախություների հետեւանքով երկիրն ընկավ ճգնաժամի մեջ, ժողովրդավարության պայմաններում հարյուր հազարավոր մարդիկ սնանկացան. «Իսկ թե ուր գնացին կուտակված փողերը, ոչ մեկը չիմացավ: Եվրոպայի պարագայում բոլոր հայ օլիգարխները երազում են տուն և բիզնես ունենալ իրենց «սիրեցյալ» Իսպանիայում, որը, իրենց պատկերացմամբ, կայացած երկիր է: Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ իսպանացիների 25 տոկոսը գործազուրկ է, իսկ Կատալոնիան ուզում է դուրս գալ Իսպանիայի կազմից»:

Քաղաքական գործչի խոսքով. «Օլիգարխն այն մարդն է, որը ցանկանում է իր մեջ կուտակել բոլոր շենքերն ու փողերը: Նա չաղանում է եւ էլի է ուզում չաղանալ, բայց մենք կարող ենք նրանից բամբասել, որովհետեւ նրա տեղում չենք: Օլիգարխներն այնքան կչաղանան, որ մոլորակի վրա տեղ չի մնա, քանի որ չաղ մարդիկ ուզում են խժռել մոլորակը: Պատճառն այն է, որ աշխարհում չկա խժռելու ենթակա այնպիսի լավ բան, ինչպիսին է դեմոկրատիան»:

Մանուչարյանի համոզմամբ` «որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում» կարգախոսին հետեւելու փոխարեն, հայերն այժմ զբաղված են իրար խժռելով. «Պետության գերխնդիրն է` մարդուն օգնել բարձրանալ եւ կատարելագործվել: Նարեկացու ժամանակ էլ կային փողատերեր, բայց մենք չենք հիշում նրանց, որովհետեւ Նարեկացին է թողել մեզ մարդկային կատարելության հասնելու ճանապարհը, ոչ թե փողատերերը: ԽՍՀՄ տարիներին մարդիկ ձգտում էին գիտության եւ կրթության, իսկ հիմա այդպես չէ, որովհետեւ «մարդու իրավունքներ» ասվածը չափվում է հաճույքների սանդղակով, մարդիկ էլ մտածում են հաճույք ստանալու մասին: Պատճառը հասարակական կյանքի սխալ ընկալումն է: Ստորության եւ սրբության հարցում մենք միեւնույն ժամանակ առաջին տեղում ենք. հիմա ստորության դարաշրջան է»:

 

Աղբյուր` aravot.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…