Եզդի, թե˚ քուրդ. ուսումնասիրությունները շարունակվում են
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվում են շուրջ քառասուն հազար եզդիներ և քրդեր` կազմելով թվաքանակով ամենամեծ ազգային փոքրամասնությունը: 1915 թ.-ից հետո Արևելյան Հայաստանում հաստատված եզդիները հայության կողքին կարևոր դերակատարություն են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի, խորհրդային յոթանասունամյա վարչակարգի, Արցախյան շարժման և Երրորդ հանրապետության հիմնման ու կայացման տարիներին: Տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել տասնյակ հայալեզու և օտարալեզու աշխատանքներ եզդիների և քրդերի էթնիկ ծագման մասին, որտեղ առաջ են քաշված երկու հիմնական տեսակետներ: Ուսումնասիրողների առաջին խումբը պնդում է, որ եզդիներն ու քրդերը ունեն միևնույն էթնիկական ծագումը, և տարբերությունը կայանում է միայն կրոնի մեջ: Եզդիները արևապաշտ են, իսկ քրդերը` իսլամի հետևորդներ: Այս տեսակետի կողմակիցները առաջ են քաշել <<Ազգությամբ քուրդ, դավանանքով` եզդի>> եզրույթը, որը մատնանշում է եզդիականությունը` որպես կրոն, այլ ոչ որպես էթնիկ տարր: Եզդիները կտրականապես դեմ են այս տեսակետին: Նրան գտնում են, որ քրդերը լուրջ հովանավորություն են ստանում իսլամական աշխարհից և կազմակերպում իրենց շահերից բխող քարոզչություն, որի արդյունքում եզդին ու քուրդը էթնիկական տեսանկյունից նույնականացվում են: Երկրորդ տեսակետը առաջ տանողները հավաստիացնում են, որ եզդիները քրդերի էթնոկրոնական խումբը չեն, տարբերվում են նույնիսկ նրանց տոներն ու ավանդույթները:
Ստեղծված իրավիճակում ոչ միայն գիտական, այլև հասարակական շրջանակներում դժվարանում են ուղենշել այն սահմանագիծը, որը բաժանում է եզդիներին և քրդերին: Համաձայն պաշտոնական վիճակագրության հաղորդած տվյալների, ՀՀ-ում եզդիները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան քրդերը, սակայն այդ տվյալները խիստ պայմանական նշանակություն են ձեռք բերում: Հայաստանաբնակ հայը կարող է անխտիր բոլորին անվանել քուրդ կամ եզդի` որևէ տարբերություն չգտնելով նրանց միջև: Օրինակ, Ռուսաստանում, որտեղ նույնպես բնակվում են մի քանի տասնյակ հազար եզդիներ, վերոնշյալ խնդիրը լուծված է, քանզի նրանց անվանում են քուրդ-եզդիներ, և հարցն այդպիսով փակվում է:
Քրդերն ու եզդիները ամբողջ աշխարհում ունեցել են և ունեն ազգային ինքնորոշման հիմնախնդիր: Ելնելով այդ հանգամանքից` եզդիների հետ կապված վերջին իրադարձություններից անմասն չեն կարող մնալ քրդերը և <<քրդական գործոնը>>:
Եզդիները հյուսիսային Իրաքում. պատմական հայրենիք
2014 թ.-ի տվյալներով աշխարհում հաշվվում են 1.5-2 միլիոն եզդիներ: Նախքան հայտնի իրադարձությունները, հյուսիսային Իրաքում բնակվում էին շուրջ 750.000 եզդիներ: Իրաքում եզդիները կենտրոնացած են Մոսուլի նահանգապետության Սինջարի, Դոկուխի շրջաններում, որտեղ գտնվում է նրանց գլխավոր սրբավայրը` <<Լալըշա Նուրանին>> (<<Լուսապայծառ Լալեշ>>):
Այս տարածքները ընդունված է համարել եզդիների պատմական հայրենիքը, որտեղ նրանք ապրել են մինչև 19-րդ դարի կեսերը-20-րդ դարի սկզբները, այնուհետև սփռվել ողջ աշխարհով:
2014 թ.-ի հունիս. մահմադեկան արմատականները Իրաքում են
2014 թ.-ի հունիսին ISIS (The Islamic State of Iraq and Syria) իսլամական ահաբեկչական կազմակերպությունը, որը վերջերս վերանվանվեց IS (The Islamic State), զգալի կորուստներ կրելով Սիրիայում և չկարողանալով հասնել իր գլխավոր նպատակին` Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալմանը, ներթափանցեց Իրաք: Սիրիական ընդդիմության <<զինակիրների>> հարձակման թիրախում հայտնվեցին ոչ մահմեդական երեք էթնիկ խմբերը` հայկական, ասորական և եզդիական համայնքերը: Հայերը և ասորիները, համեմատաբար քիչ թվաքանակ կազմելով, կարողացան արագ թողնել իրենց բնակավայրերը և խուսափել մասսայական կոտորածներից: Իսկ եզդիական համայնքը հատկապես օգոստոսի սկզբից հայտնվեց իսլամական արմատականների շրջափակման մեջ` դառնալով նրան ցեղասպան գործունեության գլխավոր զոհը: IS-ի մարտիկները առաջնորդվում են կրոնական սկզբունքներով` եզդիներին անվանելով <<սատանայապաշտ>> և հարկադրելով ընդունել մահմեդականություն: <<Իսլամական պետություն>> կազմակերպության շարքերը համալրվեցին հատկապես Իրաք ներթափանցելու ժամանակ ինչպես տեղի սուննի մահմեդական բնակչության, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած իսլամի հետևորդներով ու համակիրներով: Արմատական մահմեդականների լուրջ հաջողությունները վախի մթնոլորտ են ձևավորել նույնիսկ Սաուդյան Արաբիայում:
Արդյունքում սրի են քաշվում, գերության վաճառվում ու խոշտանգվում հարյուրավոր եզդի տղամարդիկ, կանայք և երեխաներ: Միջազգային հանրության լռությունն ու ձևական բնույթ կրող արձագանքները օժանդակում են ցեղասպան գործընթացի շարունակականությանը: Չնայած մի քանի վայրերում եզդիների կողմից կազմակերպված դիմադրական գործողություններին, արձանագրված փաստն այն է, որ նրանց մեծ մասը կոտորվում է նաև ջրի ու սննդի պակասությունից, և պարզ չէ, թե ինչքան կշարունակվի այս իրադրությունը:
Անկախ Քրդստան, թե˚ <<Իսլամական խալիֆայություն>>. նոր պետականություն Իրաքի փլատակների վրա
Եզդիների ցեղասպանությանն անհնար է գնահատական տալ, առանց իրաքյան Քրդստանի գործոնը հաշվի առնելու: <<Քրդական գործոնը>>, որն իր ակտուալությամբ առավել էական է Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի ներքաղաքական կյանքում, կարծես գտնում է իր տրամաբանական ավարտը, և ամեն բան տանում է նրան, որ իրաքյան Քրդստանը մոտ ապագայում հանդես գա որպես անկախ պետական միավոր:
1921 թ.-ին պատմության ընթացքում առաջին անգամ խորհրդային իշխանությունների կողմից պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք գավառների տարածքում ադրբեջանական ԽՍՀ կազմում հիմնվեց քրդական վարչատարածքային միավոր: <<Կարմիր Քրդստանը>>, չնայած իր կարճատև գոյությանը, լուրջ հակակշիռ դարձավ թուրքական Քրդստանին, և այդուհետ առավել հաճախ սկսեց շահարկվել քրդերի անկախության գաղափարը: Այն իր արդիականությունը չկորցրեց 20-րդ դարի ընթացքում:
Եզդիների ցեղասպանության սկզիբը համընկավ իրաքյան Քրդստանի` անկախություն ձեռք բերելու հետ կապված լուրերի հերթական անգամ շրջանառության մեջ մտնելու հետ: Այն, որ Քրդստանում բնակվող քրդերին իսլամական ահաբեկիչների գործողությունները չեն սպառնում, պարզորոշվեց հենց սկզբից: ԱՄՆ նախագահ Բ. Օբաման հայտարարեց, որ ամերիկյան զինուժը կմիջամտի խնդրին այն ժամանակ, երբ մահմեդական ահաբեկիչները սպառնան քրդական ինքնավարության կենտրոն համարվող Էրբիլ քաղաքի անվտանգությանը: Քրդստանի վերաբերմունքը ցեղասպանվող եզդիների նկատմամբ միանշանակ է. նրանք օժանդակում են իրենց տարածք հասած եզդիներին` ընդհանուր առմամբ պահպանելով չեզոքություն: Իրաքի կառավարությունն անզոր է որևէ գործողություն ձեռնարկել ո՛չ Քրդստանի, ո՛չ էլ մահմեդական արմատականների դեմ, և կարծես, համբերատար սպասում է, թե ինչ նոր պետական միավոր է ստեղծվելու Իրաքի տարածքում: Մոսուլին ու Քիրկուկին մի գեղեցիկ օր կարող է հաջորդել նաև Բաղդադի գրավումը, և դա այլևս անակնկալ չի լինի որևէ կողմի համար:
<<Իսլամական պետության>> մարտիկների նպատակը <<Իսլամական խալիֆայության>> ստեղծումն է, որը կարող է դառնալ նորանկախ իրաքյան Քրդստանի քաղաքական պլատֆորմը:
Գերտերությունների արձագանքն ու գործողությունները. հայտարարություններ և հումանիտար օգնություն
Ինչպես եզդիների ցեղասպանության, այնպես էլ Քրդստանի անկախացման հարցում շահագրգիռ պետությունները հանդես են եկել և դեռ կգան որոշակի գործողություններով, որը կապված է 2 հանգամանքներով` Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանում ունեցած հետաքրքրություններով և իրենց երկրներում ունեցած քուրդ-եզդիների համայնքներով:
ԱՄՆ-ն Ս. Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո չի դադարում Իրաքի մասնատման և պետականակործան քաղաքականության իրագործումը: Պատահական չէ անկախ Քրդստանի համար հենց Իրաքի տարածքի ընտրությունը: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան զինուժի գործողությունները Սիրիայում Քրդստանի մի հատվածը Սիրիայում տեղակայելու հեռահար նպատակ էին հետապնդում, բայց ասադյան վարչակարգի ամրությունը հաստատեց Քրդստանի ինքնավար միավորի սահմանները և այն պետական միավորի վերածելու ուղղությունը Իրաքի տարածքում: Ամերիկայի նախագահը սահմանափակվեց ցեղասպանվող եզդիներին ջուր և սնունդ մատակարարելով: ԱՄՆ և Եվրոմիության դիրքորոշումն ակնհայտ է. օգնություն տրամադրել ինքնավար քրդերին, ոչ թե եզդիներին: Իսկ մահմեդական ահաբեկիչների հետ կապ չունենալու միտումը ամերիկյան դիվանագիտությունը <<հիմնավորեց>> լրագրողի սպանությամբ: Զարմանք է առաջացնում այն, որ բազմամիլիարդանոց բյուջե ունեցող հատուկ ծառայությունները կարող են տապալել լրագրողի փրկության նպատակով կազմակերպված հատուկ գործողությունը, այնուհետև շատ անկեղծորեն հայտարարել այդ մասին:
Պաշտոնական Մոսկվան համեմատաբար ավելի պասիվ դիրքերում է: Ռուսաստանում ձևական բնույթ կրող գործողություններից ու հայտարարություններից զատ, այլ բան տեղի չի ունեցել: Ռուսաստանաբնակ եզդիների մոտեցման վերաբերյալ տեղեկատվություն գրեթե չկա. ռուսական լրատվամիջոցները շատ քիչ են անդրադառնում սույն հարցին: Նշված իրավիճակում ամենապարզ մոտեցումն այն է, որ Մերձավոր Արևելքի այս հատվածը ռուսական ազդեցության գոտի չէ, և ռուսական դիվանագիտությունը զերծ է մնում այս տարածաշրջանում կատարվող իրադարձություններին մասնակցելուց: Սակայն ռուսական վերլուծական-լրատվական կայքերը մեծ համառությամբ առաջ են տանում այն թեզը, որ իրաքյան Քրդստանի քրդերը հիասթափվել են ԱՄՆ-ից, և ռուսական զենքը կարևորելով, նրանք պատրաստվում են թեքել իրենց կողմնորոշման սլաքը դեպի պուտինյան Ռուսաստան: Այս ֆոնի վրա հատկանշական է նաև ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինտոնի մեղադրանքը Բ. Օբամային առ այն, որ ԱՄՆ նախագահի թողտվությամբ է <<Իսլամական պետություն>> ահաբեկչական կազմակերպությունը հասել նման հաջողությունների: Միգուցե մահմեդական արմատականները այլևս չե˚ն ենթարկվում ԱՄՆ-ին և Քրդստանի փոխարեն իրոք կարո˚ղ է միջնադարին բնորոշ արաբական խալիֆայություն ստեղծվել: Եթե իրադարձություններն ընթանան նման կերպով, ապա ռուսական դիվանագիտությունը իրեն հատուկ կտրուկությամբ կարող է շատ արագ իրավիճակը փոխել իր օգտին` դառնալով նորանկախ Քրդստանի հովանավորյալը:
Թուրքիայի դիրքորոշումը նույնպես պարզ է, որորվհետև մի կողմից օժանդակում է մահմեդական ահաբեկիչներին, մյուս կողմից սատարում իրաքյան քրդերին: Այդպիսով, թուրքական կառավարությունը հնարավորություն է ստանում լուծել ներքաղաքական ամենակարևոր խնդիրներից մեկը` կապված թուրքական Քրդստանի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դիվիդենտներ շահել: Չնայած հատկապես հայկական վերլուծական շրջանակները Թուրքիայի տեսանկյունից բացասական են գնահատում իրաքյան նորանկախ Քրդստանի հիմնումը` եզրակացնելով, որ Քրդստանը մոտ ապագայում կարող է դուրս գալ հենց Թուրքիայի դեմ և ամերիկյան դիվանագիտության կողմից օգտագործվել որպես Թուրքիային հակակշռող ուժ:
Բոլորովին այլ հարթությունում է գտնվում Իրանի դիրքորոշումը սույն խնդրի շուրջ: Իրանը առաջինն է մարդասիրական օգնություն տրամարել եզդիներին և մահմեդական ահաբեկիչների դեմ կենտրոնացած են նաև իրանական բանակը ներկայացնող ռազմական ուժեր: Իրանական դիվանագիտությունը չի խրախուսում իրաքյան Քրդստանի ստեղծումը` ելնելով այն հանգամանքից, որ Իրանում քրդերը թվաքանակով ավելի քիչ են և ժողովրդագրական խնդիր չի լուծվելու: Քրդստանի դեմ պայքարը ավելի շատ աշխարհաքաղաքական միտում ունի` ուղղված գլխավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ:
Եզրակացություններ
Եզդիների ցեղասպանության հենց առաջին օրվանից հայ հասարակությունը մտահոգվել է սույն խնդրով, և մշտապես զուգահեռներ անցկացրել հայերի ցեղասպանության և եզդիների ցեղասպանության միջև: Հարկ է նշել, որ 20-րդ դարի ընթացքում Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման գործում առաջնակարգ էր Սփյուռքի դերակատարությունը: Խորհրդային վարչակարգի գերիշխանության պայմաններում շուրջ յոթանասուն տարի այս խնդրով զբաղվել են հայ ավանդական կուսակցությունները, սփյուռքահայ կազմակերպություններն ու միությունները: Ներկայումս եզդիները սփռված են աշխարհով մեկ: Ելնելով այն հանգամանքներից, որ ՀՀ-ում եզդիները առաջին ազգային փոքրամասնությունն են, Լալեշից հետո եզդիների երկրորդ սրբավայրը կառուցվել է 2012 թ.-ին Հայաստանում, եզդիները մեծապես օժանդակել են հայկական զինված ուժերին Արցախյան շարժման ընթացքում, չի կարելի սատար չկանգնել նրանց: Անհրաժեշտ է հանդես գալ որպես եզդիների ցեղասպանությունը դատապարտող կողմ: Փաստորեն, միմյանց հետ սերտորեն աղերսված են եզդիների ցեղասպանությունը, իրաքյան Քրդստանը և ԱՄՆ-ի քաղաքականությունը: IS-ը ընդամենը գործիք է ամերիկյան քաղաքականության ձեռքին, ստեղծված հատուկ ծառայությունների կողմից` մի տեղ հանդես գալով որպես դեմոկրատական կարգեր հաստատող, մեկ այլ տեղ որպես ահաբեկիչներ: Նրանց գործողությունները միանշանակ ուղղված են անկախ Քրդստանի ստեղծմանը, բայց արդյոք ի˚նչ կապ ունեն Քրդստանն ու <<իսլամական խալիֆայությունը>>. միգուցե Մ. Բարզանին իրո˚ք տարվել է ռուսական զենքով, ռուսական դիվանագիտությունը իրո˚ք սպասում է անակնկալ հարվածի, արաբական խալիֆայությունը իրո˚ք կգրավի Բաղդադը, և Իրաքը, որպես պետություն, կանցնի պատմության գիրկը: Դժվար է ասել: Բայց որ ժամանակակից Իրաքի տարածքում մոտ ապագայում նոր պետական միավորի ստեղծմանն ենք ականատես լինելու, դա հաստատ է:
<<Բարեպաշտ սերունդ>> հիմնադրամի
գիտավերլուծական կենտրոնի փորձագետ
Կարո Ժամխարյան